ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ԱՆԱՆՈՒՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՆ

«2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին: Քանի որ հիմնադրամը դա համարել էր անձնական տվյալ, ավագանու անդամն ու պատգամավորը որոշել էին հարցը կարգավորել դատական եղանակով՝ պարտադրելով հրապարակել նվիրատուների ցանկը:
Նրանք որոշել էին, թե նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ճակատագրի հեգնանքով այժմ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Այս հիմնադրամում եւս մեծ թվով անանուն նվիրատվություններ են ստացվում, սակայն Լենա Նազարյանը, կարծես թե, նույն սկզբունքայնությամբ չի անհանգստանում եւ ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:
Սա այն դեպքում, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամում մեծ թիվ են կազմում նաեւ անանուն նվիրատուները, այսինքն՝ հանրությունը չի տեղեկանում, թե ով է վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար փոխանցել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից մի քանի թվեր է ներկայացնում, թե անանուն քանի փոխանցում է արվել 2021-2022 թվականներին Աննա Հակոբյանի հիմնադրամին: Եւ այսպես, 13 այդպիսի միանվագ փոխանցումներ են կատարվել՝ 5 մլն դրամ, 47 մլն դրամ, 25 մլն դրամ, 37 մլն դրամ, 20 մլն դրամ, 8 մլն դրամ եւ այսպես շարունակ: Կան նաեւ դոլարային փոխանցումներ՝ 300 հազար դոլար, 5 հազար դոլար: Մյուս տարիների թվերն ավելի խոսուն են. 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել:
Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն: Այսինքն՝ ստացվում է՝ չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 հազար դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա անգամ 300 հազար դոլարի անանուն փոխանցումը չի մտահոգում նրան»:


Читайте также

Оставить комментарий