ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԸ, ԳՅՈՅՉԱՆ, ԻՐԵՎԱՆԸ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂԵՐՆ ԵՆ, ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ

«Հայաստանը Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Խոջասան թաղամասում կազմակերպված արարողության ժամանակ։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները նման տեղեկատվություն ստանում են ոչ պաշտոնական խողովակներով։
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Այսինքն մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել։ Հայաստանի կողմից, սակայն, որևէ արձագանք չկա։ Ավելին՝ մեզ ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ։ Կարծում եմ, որ դա նրանց կողմից մեծ սխալ է», - ասել է Ալիևը: Արարողության ընթացքում Ադրբեջանի նախագահը բնակարաններով և մեքենաներով էր պարգևատրել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և զոհերի հարազատներին։
«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները, սկսեն աշխատել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից ևս այժմ դրական ազդակներ են ստացվում։ Եթե Հայաստանում դա չեն ցանկանում անել, իրենց գործն է։ Հայերը, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել», - հայտարարել է Ալիևը։
«Այժմ, հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակումից հետո, մենք իհարկե կվերադառնանք, ադրբեջանական բնակչությունը կվերադառնա նախնիների հողեր։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ։
Զանգեզուրը մեր հայրենի հողն է, Գյոյչան և Իրևանը մեր հայրենի հողերն են», - հայտարարել է Ալիևը։
«Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանիորեն։ Ես, սակայն, երբեմն տեղեկատվություն եմ ստանում, որի համաձայն՝ կրկին խոսակցություններ են սկսել շրջանառվել, թե հարցը լուծված չէ։ Նման պնդումները սխալ են և ռիսկային», - ասել է Ադրբեջանի նախագահը։
«Ստեղծվել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի: Հիմա Հայաստանում հիստերիա է տիրում այս կապակցությամբ: Դրա կարիքը չկա, Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ մեր պատմական հողն է»:
«Մեր հարազատ հողն է Զանգեզուրը, մեր հարազատ հողն է Գյոյչա մահալը, Իրևանը: Մենք, իհարկե, կվերադառնանք… », - նշել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий