ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զապարովան հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին:
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել սահմանազատման աշխատանքների գործարկմանը՝ դրան հաջորդող սահմանագծման նպատակով՝ երկու երկրների հակամարտության շուտափույթ լուծման համար»,- հուլիսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այդ խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, և ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության թուլացման նպատակով», – ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձևակերպման բացակայության հետևանք է:
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակն ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնը, անկասկած, խորացնում է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իսկապես այդպես է»,- հավելել է Զախարովան։


Читайте также

Оставить комментарий