ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԵԹԵ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՄԻ ԵՐԵԽԱ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՏՔԸ ՏՐՈՐԵԼ Է, ԷԴ ԵՐԵԽԱՅԻՑ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԻՆՔԸ ՀԱՍՏԱՏ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼ Է, ՊԱՏԺԵԼ Է ԴՐԱՆ։ ԷԴՊԻՍԻ ՄԱՐԴ Է»

Հայաստանում շատ պայթյունավտանգ իրավիճակ է, առաջիկա ընտրությունները լինելու են հանրապետության պատմության մեջ ամենավտանգավոր ընտրությունները, որովհետև երկու բևեռները՝ Փաշինյանն ու Քոչարյանը պատրաստ են ամեն ինչի իշխանություն ունենալու համար, այսօր ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում իրար հետ դաշինք եք կազմում և այլն․․․ բայց միակ փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ։ Ի՞նչ է լինելու։ Ճակատամարտ։ Դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների։ Դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում։ Դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ», - ասաց նա։
Ըստ Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը այսօր հանրությանը որևէ ծրագիր չեն ներկայացրել։
«Հիշեք, Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ է տվել և որն է մինչև վերջ կատարել։ Էդպիսի բան չկա։ Գոյություն չունի Նրանք ասել են մի բան, արել են լրիվ ուրիշ բան»,- ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի 76-ամյա առաջնորդը։ - «Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում։ Ասում է՝ ես գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ․․․ Նույնիսկ իր շտաբների վրա ինչ-որ մի երկու հարձակում էր եղել, ասեց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, բոլորիդ էլ, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությամբ գիտե՞ք ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, էդ երեխայից հետագայում ինքը հաստատ հաշիվ պահանջել է, պատժել է դրան։ Էդպիսի մարդ է»։


Читайте также

Оставить комментарий