ՄՈՀԱՄԱԴ ԶԱՐԻՖԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Հանդիպմանը Զարիֆը նաև շնորհավորել է Իլհամ Ալիևին երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի և ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատելու համար:
Մոհամադ Զարիֆին ընդունելիս Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հիմա ադրբեջանա-իրանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Բացի այս, պաշտոնական Բաքուն հուսով է, որ Թեհրանի հետ համատեղ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության զարգացման համար:
«Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, նոր մարտահրավերներ՝ կապված տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրավիճակի հետ: Իհարկե, Իրանն ու Ադրբեջանը որպես երկու եղբայրական երկրներ պետք է համակարգեն ջանքերը և նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը: Ես վստահ եմ, որ Իրանի կառավարությունը կիսում է նույն մոտեցումը», - ասել է Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий