ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Պաշտոնական Ջակարտան միշտ աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք հատկապես երախտագիտություն ենք հայտնում Ինդոնեզիային` Ադրբեջանին անփոփոխ աջակցության համար: Ինդոնեզիան միշտ միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման բանաձևերին և աջակցել է Ադրբեջանի արդար գործին», - Բաքվում Ինդոնեզիայի նոր դեսպան Հիլդի Համիդի հավատարմագրերը ընդունելու ժամանակ ասել է Ի.Ալիևը:
Ի.Ալիևը նշել է նաև, որ Ինդոնեզիայի երկարամյա քաղաքական աջակցությունը նպաստել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև ամուր իրավական հիմք ստեղծելու գործընթացին:
«Հակամարտության ընթացքում ձեր կառավարությունը աջակցություն է հայտնել Ադրբեջանին, և մենք դա գնահատում ենք: Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պաշտպանություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հայաստանի օկուպացիոն ուժերի՝ Ադրբեջանի տարածքից անհապաղ, անվերապահ և լիովին դուրս բերելը պահանջող բանաձևերի կատարմանը: Մենք շատ երախտապարտ ենք ձեզ դրա համար», - ընդգծել է նախագահը:
Երկրի ղեկավարը նաև Ինդոնեզիայի ընկերություններին հրավիրել է մասնակցելու՝ Ղարաբաղում ազատագրված տարածքների զարգացմանը: Նրա խոսքով, դա կամրապնդի երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի և Ինդոնեզիայի միջև:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ազատագրեց իր տարածքները և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, տնտեսական համագործակցության մեծ հնարավորություններ հայտնվեցին, այդ թվում՝ ազատագրված տարածքներում: Մենք ցանկանում ենք ինդոնեզական ընկերություններին տեսնել, որպես մեր գործընկերներ և կապալառուներ՝ մեր կողմից պլանավորված տարբեր նախագծերի համար, ինչպես նաև մեր միասնությունը ցուցադրելու համար: Սա մեր ծրագիրն է», - հավելել է Ի. Ալիևը:
 


Читайте также

Оставить комментарий