ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարում է ավարտված:
«Մենք ինքներս կատարեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, վերականգնեցինք մեր երկրի տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում», - ասել է Իլհամ Ալիևը Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովում ունեցած իր ելույթում:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը սկսել է տարածքների վերականգնման գործընթացը, որոնք հայկական օկուպացիայից ազատագրվել են 2020-ի աշնանը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: «Մենք սկսել ենք վերակառուցել ազատագրված տարածքները, մենք ակտիվորեն կօգտագործենք «Կանաչ էներգիան» այս տարածքներում», - նշել է նախագահը ու հավելել, որ ազատագրված տարածքների հիմնական խնդիրը ականներ են:
«2020-ի նոյեմբերից այդ տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել են մեր 30 քաղաքացիներ, ավելի քան 100-ը վիրավորվել է: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Երևանը մեզ հանձնի բոլոր ազատագրված տարածքների ականադաշտերի քարտեզները», - ասել է Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ «պարբերաբար կազմակերպվում են օտարերկրյա դիվանագետների ու լրագրողների ուղևորություններ ազատագրված տարածքներ»:
Նախագահի խոսքով, նրանք ականատես են եղել Հայաստանի կողմից իրականացված ոճրագործություններին. «Միջազգային լրատվամիջոցները փաստել և լուսաբանել են ադրբեջանական ժողովրդին պատկանող մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և պղծման, քաղաքների և գյուղերի ավերման փաստերը:
Ես իմ գործընկերներին կուղարկեմ պատկերազարդ գիրք, որը պարունակում է կարճ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք պատկերում են մեր քաղաքների և գյուղերի վիճակը՝ օկուպացումից առաջ և հետո: Գրքում արտացոլված է Ադրբեջանի կրոնական և պատմական հուշարձանների ամբողջական ոչնչացումը»:


Читайте также

Оставить комментарий