ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՏԵՍՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԹԵԿՈՒԶ ՓՈՔՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱ, ԱՆՀԱՊԱՂ ՏԵՂՈՒՄ ԿՈՉՆՉԱՑՆԵՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ

Ադրբեջանն այսուհետ էլ կշարունակի ամրապնդել իր սահմանները, հայտարարել է երկրի նախագահը: «Եթե տեսնենք, որ մեր պետության անվտանգությանը թեկուզ փոքր սպառնալիք կա, անհապաղ տեղում կոչնչացնենք թշնամուն:
Ուստի վերջին օրերի սադրանքը, որը հայերը գործել էին սահմանին, բնականաբար, չէր կարող անպատասխան մնալ և չմնաց», - ասել է Իլհամ Ալիևը:
Հանրապետության օրը, Ալիևը այցելել է Աղդամ, որը մինչև վերջին պատերազմը գտնվում էր հայկական ուժերի օկուպացիայի տակ: Մասնակցելով քաղաքի վերակառուցման հիմնարկեքին` Ադրբեջանի նախագահը հայտարարել է` արևմուտքում ընդունվող բանաձևերն ու հայտարարությունները իր քաղաքականության վրա չեն կարող ազդել:
«Որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, որևէ մեկը չի կարող ազդել մեզ վրա: Հիմա որոշ հայամետ երկրներ ինչ-ինչ հայտարարություններ են անում, թող անեն, դա իրենց գործն է, Եվրախորհրդարանն էլ հերթական բանաձևն է ընդունել` սուտ տեղեկությունների հիման վրա: Ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, դրանք կարևոր չեն: Կարևորն այն է, որ մենք այստեղ ենք այսօր, կանգնած ենք և կշարունակենք այստեղ ապրել հավերժ», - ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև վերջին պատերազմին ու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, կրկին պնդել, թե հայկական կողմը տասնամյակներ շարունակ մերժել է զիջումների գնալ` ստիպելով խնդիրը լուծել ուժի միջոցով:
«30 տարվա ընթացքում հայերին չհաջողվեց պետություն կառուցել:
Ուրեմն, այդ ժողովուրդը չի կարող պետություն կառուցել: Ուրեմն, այդ ժողովուրդը կարող է ապրել միայն այլ խոշոր պետությունների կազմում:
30 տարվա ընթացքում նրանք բացառիկ հնարավորություն ունեին՝ եթե չլիներ այս օկուպացիան, թշնամանքը, եթե հայերը մեր ժողովրդի դեմ այս վայրագությունները գործած չլինեին, Հայաստանը, հնարավոր է, կարող էր ապրել որպես անկախ պետություն, - ասել է նա, հավելելով, - իսկ հիմա հայերը բացեիբաց ընդունում են, որ չեն կարող պաշտպանել իրենց պետությունն ու իրենց սահմանները»:


Читайте также

Оставить комментарий